Home
entries friends calendar user info
kampaduki

Advertisement

Add to Memories
Tell a Friend
Ընկերոջս՝ Մուշեղ Ասատրյանի բարձրաձայնումը տեղին է ու առավել քան ուշացած։ Ուշացած է նաև սույն շարունակությունը նրա սահմանած «Հայաստանի ԲՈՒՀերը՝ հայացք դրսից և ներսից» տարահեղինակ հոդվածաշարի։ Ոգին նույնն է լինելու՝ քննադատական, ձևաչափն այլ՝ առաջարկներով լի։ Եթե սկսել եք կարդալ, ապա խնդրում եմ կարդալ մինչև վերջ ու հանդես գալ կամ սույնի, կամ նույնի քննադատությամբ ու նոր առաջարկներով։

Ես էլ եմ հայ, ավարտել եմ նույն ԲՈՒՀ-ը ինչ Մուշեղը. համակուրսեցիներ ենք եղել։ 2007թ. սեպտեմբերից դասավանդում եմ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում։ Ուսումնառությանս տարիներին, ինչպես նաև դրանից հետո՝ մինչ աշխատանքի անցնելը սովորել եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում ու Գերմանիայում։ Այժմ «visiting scholar» կարգավիճակով գտնվում եմ ԱՄՆ Հարվարդի համալսարանում (10.01.2009 – 17.05.2009)։ Սույն մտորումներս ավելի նպատակահարմար կլինի վերնագրել «Հայաստանի մայր ԲՈՒՀը՝ մի փոքր հայացք դրսից ու առավել քան ներսից»։ Պատրաստվում եմ գրել մի քանի հոդված նույն թեմայով։ Այս մեկը վերնագրել եմ՝

ԿԱՐԵԼԻ՞ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ

Արգելել եմ ուսանողներիս նման հարցով անհանգստացնել ինձ ու խանգարել դասը։ Միևնույն է չի օգնում։ Հարցնում են։ Հավանաբար վախեցած են մյուս դասախոսներից։ Հաճախ եմ նստած եղել արևմտյան ու արևելյան ԲՈՒՀերի լսարաններում, ունկնդրել դասախոսություններ, սովորել լեզուներ։ Երբեք ինձ չի լքել արկածախնդրական այն միտքը, թե արդյոք ինչ տեղի կունենա տվյալ լսարանում, եթե ձեռքս բարձրացնեմ ու մեր ԵՊՀի օրինակով ոտքի կանգնեմ ու հարցնեմ «կարելի՞ է դուրս գալ»։ Կարող եմ միայն պատկերացնել թե ինչ տեղի կունենա։ Այսուամենայնիվ, որքան էլ արածս զավեշտական թվար տվյալ լսարանում ներկաներին, որքան էլ հետագայում այն կդառնար ծիծաղաշատ պատմությունների աղբյուր, որ կպատմվեր այդ համալսարանում տարիներ շարունակ, թե մի խելագար հայ էր եկել, որ այնքան հիմար էր, որ դասն էր խանգարում, որպեսզի մենք բոլորս իմանանք, որ նա զուգարան է ուզում գնալ, միևնույն է բացասական պատասխան չէր հնչի ու դասախոսը վստահաբար ինձ չէր ասի «ոչ», «տակդ արա՛» «վե՛ր ընկիր տեղդ», «սպասի՛ր դասամիջոցին» և այլն։ Նրանք ովքեր չհասկացան թե ինչի մասին է վերոհիշյալը (վստահաբար չեն հասկանա նրանք, ովքեր ԵՊՀում չեն սովորել, և չեն հասկանա նրանք ովքեր սովորում ու դասավանդում են մեր ԲՈՒՀում), ապա տեղեկացնեմ, որ աշխարհի գրեթե ոչ մի ԲՈՒՀում, երբ ուսանողը ցանկանում է լքել լսարանը, ապա երբեք թույլտվություն չի հարցնում, պարզապես դուրս է գալիս ու վերադառնում երբ ցանկանա, իսկ ԵՊՀում ուսանողը զուգարան գնալու համար նույնիսկ, պետք է ստանա դասախոսական օրհնություն։

Պետք է արձանագրեմ, որ սույն խնդրի ակունքները երկակի են՝ մեղավոր են և՛ դասախոսները, և՛ ուսանողները։ Այս խնդրի վերաբերյալ խոսում եմ ու բարձրաձայնում դասավանդմանս առաջին օրվանից։ Գրեթե ոչ ոք համակարծիք չէ այն գաղափարին, որ ուսանողը այս պարագայում պետք է ազատ լինի։ Հնչում են տեսակետներ թե` «մեր անդաստիարակ ուսանողներին հենց նման բան է պետք», «դու չգիտես, թե ինչ ահավոր բան տեղի կունենան», «ո՜վ է տեսել նման բան», «ի՞նչ ես խոսում», «հիմարություն է դա», և այլն։ Մի խոսքով` ինտիլիգենցիան պատրաստ չէ դրան։ Ինչպես նշեցի` ես դասավանդմանս ընթացքում հենց այդպես եմ վարվում, նույնիսկ փորձում եմ բարկացած ձայնով հասկացնել, որ չհարցնեն, սակայն պատահում է, որ նորից են հարցնում։

Բայց խնդիրը խորքային է։ Կան դժգոհող ուսանողներ։ Դժգոհում են, թե մյուս ուսանողները հաճախ են ելումուտ անում (սա հենց այն է ինչը հիմնականում շեշտում են գործընկերներս և ասում` թե ուսանողը պետք է հարցնի) և խանգարում իրենց։ Ասում են, թե դասախոսը պետք է սաստի նմաններին ու թույլ չտա, որ առանց հարցնելու դասի ժամանակ ելումուտ լինի։ Ուշադրություն դարձրեք «դասախոսը սաստի» բառակապակցության վրա։ Իրականում խնդրում եմ բոլորիդ` թե՛ ուսանող, թե՛ դասախոս, արմատականորեն փոխել ձեր վերաբերմունքը դասավանդելու և դասավանդվելու նկատմամբ։ Դասախոսը ի ծնե պարտավոր չէ որևէ մեկին սաստել։ Հարգելի ուսանողներ, ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ դուք պետք է սաստեք ձեր համակուրսեցիներին, որպեսզի նրանք չխանգարեն դասը։ Երբևէ ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է արդյոք ձեր կուրսի «լավ տղային» կամ «լավ տղաներին» (ովքեր էլ դասախանգարման հիմնական աղբյուր են հանդիսանում) ասել թե` «քիչ խոսիր», «մի ծիծաղիր», «դասը մի խանգարիր»։ Իհարկե` ոչ։ Ուսանողական տարիներս լավ եմ հիշում։ Նման բան տեղի չի ունենում։ Ուսանողների մեջ գոյություն ունեցող շերտավորումը և մի շարք կիսագողական գաղափարների առկայությունը համալսարանում թույլ չեն տալիս ուսանողներին հանդիմանել իրենց համակուրսեցիներին։ Սխալը հենց այստեղ է։

Կարծում եմ` այսքանով իրավիճակը հասկանալի է դառնում, և փորձեմ անել առաջարկ, կոչ, թույլ տվեք նույնիսկ ասել` պահանջ, ուղղված առաջինը դասախոսներին, հետո` ուսանողներին։ Հարգելի դասախոսներ, առաջին անգամ լսարան մտնելիս խնդրում եմ տեղեկացնել ձեր ուսանողներին, որ տվյալ լսարան ելումուտն ազատ է։ Սա կարևորելի է հատկապես առաջին կուրսեցիների պարագայում։ Նույնիսկ, եթե համաձայն չեք առաջարկին, եթե չեք կարծում, թե «կարելի է դուրս գալ» արտահայտությունը իսպառ պետք է վերանա մեր ուսանողի բառապաշարից, ապա խնդրում եմ բացատրել, թե ինչ բարոյական իրավունքից ելնելով եք հարցնելուց հետո նույնիսկ հնչեցնում «ոչ» պատասխանը։ Նման վերաբերմունքն առնվազն պախարակելի է։

Ուսանողներ, խնդրում եմ ստեղծեք այնպիսի միջավայր, որ դասախոսը նույնիսկ չմտածի որևէ մեկին սաստելու մասին։ Եթե դուք իրական ուսանող եք, ապա կուլ մի գնացեք փողոցային արժեքներ դավանող ձեր համակուրսեցիներին, ինքներդ սաստեք նրանց։ Կարո՞ղ եք։ Չե՞ք վախենում։ (Հավատացնում եմ ձեզ, եթե կարդում են համակուրսեցիներս կհավաստեն, ինքս նույնպես խանգարել եմ դասերը, երբեմն աչքի եմ ընկել դասախոսի նկատմամբ երեխայական ու անհարգալից վերաբերմունքով։ Եթե դասախոսի փոխարեն համակուրսեցիս սաստած լիներ, վստահեցնում եմ` չէի անի)։

Իրականում այն, որ լսարանը բանտ, ուսանողը գերի, դասախոսն էլ բոբո չէ կրթական համակարգի աքսիոմ է, ապացուցման ու բացատրության կարիք չունի։ Հետևաբար խոսքս ուղղում եմ ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին, որպեսզի բացատրեն թե ինչպես է հնարավոր, որ բացատրության ու ապացույցի կարիք չունեցող աքսիոմը ԵՊՀի պարագայում կարիք ունի ապացուցվելու։ Ե՞ս եմ անտրամաբանական քայլ կատարում, թե՞ անտրամաբանական է այն ու անտրամաբանական են նրանք, ում միտված է խոսքս։
(Շարունակելի)

Հարգանքով՝
Խաչիկ Գևորգյան
17.02.2009
Քեմբրիջ, ԱՄՆ

Tags: , , ,

Add to Memories
Tell a Friend

Արդյոք կա՞ գիտության այնպիսի ճյուղ, որն ուսումնասիրում է համալսարանական նստարաններին ուսանողների կողմից հավիտյանս հավիտենից թողնված գրությունները։ Ես այն կանվանեի «դասասեղանային ֆոլկլոր»։ Ահավասիկ մի քանի նկար ԵՊՀ-ից։

Is there any branch in social sciences which researches the writings of students on University desks? I’ll call it “Desk Folklore”. Some photos from YSU.








profile
kampaduki
User: [info]kampaduki
Name: kampaduki
calendar
Back February 2009
1234567
891011121314
15161718192021
22232425262728
page summary
tags

Advertisement

Customize